Բաժիններ՝

Հութիները սպառնում են վերսկսել հարձակումները իսրայելական նավերի վրա Գազային օգնություն տրամադրելու արգելքը չվերացնելու դեպքում

«Անսար Ալլահ» խմբավորման հութիները հայտարարել են, որ իսրայելական նավերի մուտքը Կարմիր և Արաբական ծով, ինչպես նաև Բաբ ալ-Մանդեբի նեղուց կամ Ադենի ծոց արգելվում է։ Նրանք սպառնացել են հարձակում իրականացնել ցանկացած իսրայելական նավի վրա, որը կխախտի արգելքը։ Այս մասին հայտնել է Al Hurra լրատվականը։ 

Այս կերպ «Անսար Ալլահ» խմբավորումը փորձում է ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ վերականգնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները:Հութիների առաջնորդը նշել է, որ «խմբավորումը կվերսկսի իր ռազմածովային գործողություններն Իսրայելի դեմ, եթե Իսրայելը չորս օրվա ընթացքում չվերացնի Գազայի հատվածին օգնություն տրամադրելու արգելքը»։

«Իսրայելական նավերի նկատմամբ արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածի սահմանի անցումները  չեն վերաբացվել, և մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի մուտքը չի թույլատրվել», – նշված է հայտարարության մեջ։

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 15-ամսյա ավերիչ պատերազմի հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ տարաձայնությունների ֆոնին Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում օգնության մատակարարումը դադարեցնելու մասին:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում առևտրային նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս