
«Ալիևը, իր դատարանում, «դատում» է հայի բոլոր տեսակներին. սա հայկական ամոթն է». Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ալիևը, իր դատարանում, «դատում» է հայի բոլոր տեսակներին՝ սովորական գյուղացի, աշխատավոր, մտավորական, զինվորական, բարձրաստիճան պաշտոնյա, հաջողակ գործարար։ Ռուբեն Վարդանյանն իր համար ամենագլխավոր կերպարներից մեկն է, ով ոչ միայն հաջողակ գործարար է, այլ նաև մարդ, որ ունի բազմաթիվ կապեր տարբեր տարբեր կենտրոններում։ Ու հենց դրանում է արժեքը։ Ալիևը, իր ստորացնող «դատավարությամբ», ազատվում է, թե սեփական բարդույթներից ու մեծ հաղթողի կերպար կերտում ներքին լսարանի առջև, թե նոր առևտրի հնարավորություն ստեղծում՝ հատկապես այն կենտրոնների հետ, որոնք ինչ-որ պահի փորձելու են ազատել Ռուբեն Վարդանյանին ու մյուս գերիներին։ Ալիևի արածը շատ հասկանալի է։
Անհասկանալին մեր վարքն է։ Սա հայկական ամոթն է, խայտառակությունը։ Ուրիշ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մինչև հիմա մենք հանդուրժում ենք այնպիսի իշխանության գոյությունը, որի բարձրաստիճան ներկայացուցիչները պատանդներին մեղադրում են հանձնվելու ու բանտում լինելու համար՝ շատ լավ իմանալով, որ այդ քայլին մարդիկ գնացել են սեփական ընտանիքների ու հազարավոր այլ արցախցիների կյանքերը փրկելու նպատակով։
Սա հայկական ամոթն է»։