Բաժիններ՝

Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան  վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, որպեսզի օգնի ԱՄՆ-ն կրկին հզոր դարձնել», – գրել է ԱՄՆ նախագահը։

Նա ուղերձ է հղել հանրապետականներին, պահպանողականներին և բոլոր ամերիկացիներին՝ նշելով, որ Իլոն Մասկն անում է ամեն ինչ ազգին օգնելու համար և կատարում է «ֆանտաստիկ աշխատանք»:

«Սակայն արմատական ձախ խելագարները, ինչպես հաճախ, փորձում են անօրինական կերպով և դավադրաբար բոյկոտել Tesla-ն՝ աշխարհի մեծ ավտոարտադրողներից մեկին, Իլոնի «երեխային», որպեսզի հարձակվեն և վնաս հասցնեն Իլոնին և այն ամենին, ինչի համար նա պայքարում է։ Նրանք փորձեցին դա անել ինձ հետ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ,  սակայն ի՞նչ ստացվեց», – նշել է Թրամփը:

Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, ուղղված կառավարական ապարատի կրճատմանը, ԱՄՆ-ում Tesla-ի դեմ բողոքի ակցիաների պատճառ են դարձել։ Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի զգալի անկումից հետո ընդամենը մեկ օրում նվազել է 8,8 միլիարդ դոլարով:

Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է այն բանից հետո, երբ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ, որտեղից պահեստամասեր են ներմուծվում, և ավելացրել մաքսատուրքերը Չինաստանից՝ Tesla էլեկտրական մեքենաների երկրորդ ամենամեծ շուկայից ներկրվող ապրանքների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, Մասկի ակտիվները 2024 թվականի դեկտեմբերից նվազել են 121 միլիարդ դոլարով, սակայն նա պետք է կորցնի ևս 116 միլիարդ դոլար՝ մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը կորցնելու համար։

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը՝ 216 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում է Meta Corporation-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 211 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս