
Բաքուն Երևանին առաջարկում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին նշված է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։
Նշվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։
«Այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը։ Դա հնարավորություն կտա ցուցադրել հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից»,- ասված է զեկույցում։