Ովքե՞ր են ԱԺ «խառոշիները»
Քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե ՀՀ ոստիկանությունը վերջապես որոշել է պաշտպանել քաղաքացիական հասարակության շահերը, և դա, ըստ նրա՝ ավելի ակնհայտ դարձավ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի ժամանակ:
Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ իրեն են զանգահարել ԱԺ պատգամավորներ և միջնորդել, որպեսզի գործի շրջանակներում ձերբակալված անձինք գրավոր ցուցմունքներ չտան, առաջարկեց, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկի հենց այդ պատգամավորների հարցը:
«Ես՝ որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը քննարկի ոչ թե երկրորդային հարցեր, այլ՝ պարզի, թե ովքեր են այս դահլիճի «խառոշիները», որոնք կարող են դիմել ՀՀ ոստիկանություն՝ ասելով, որ՝ մեր ախպերները թող գրավոր ցուցմունք չտան, որովհետև ցուցմունք տալն ամոթ է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նա մի քանի անգամ շեշտեց, որ իր խնդիրն է հասնել նրան, որպեսզի ոստիկանապետը հրապարակայնացնի այն պատգամավորների անունները, ովքեր նման խնդրանքով դիմել են իրեն:
Եվ եթե Վահան Հովհաննիսյանի խնդրանքը բավարարվի, ապա ցուցմունք տալու հերթը հասնելու է Վլադիմիր Գասպարյանին, ով ստիպված է լինելու ցուցմունք տալ՝ իրեն զանգահարած պատգամավորների մասին: