
«Նախագահ Քոչարյանի աջակիցներից տիրաժավորում էին այն սուտը, որը ձեռնտու է Փաշինյանին». Հայկ Մամիջանյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ փողոցային պայքար սկսվելու դեպքում ընդդիմությունը միասնական կլինի՞ փողոցում, քանի որ ակնհայտ է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև խզում կա։
Հայկ Մամիջանյանը նախ հակադարձեց՝ շեշտելով՝ խորհրդարանական երկու խմբակցությունների միջև բացարձակ խզում չկա։
«Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք, պարզվեց, որ այս 7 տարի է՝ տիրաժավորում էին այն սուտը, ստերի կծիկը, որը ձեռնտու է բացարձակապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են, ու պարզվեց, որ այդ անձանցից մեկը նրա գրասենյակի ղեկավարն է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, Հայկ Մամիջանյանն ասաց.
«ՀՀԿ-ն ունի մի սկզբունք՝ մեր պարտականությունը հայ ժողովրդի առջև և ամենակարևորը՝ ինքներս մեր առջև, որպես ՀՀ-ում գրանցված քաղաքական միավոր, որպես մի կուսակցություն, որը ղեկավարել են Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, այժմ՝ Սերժ Սարգսյանը, մենք պետք է արժանի լինենք մեր հիմնադիր հայրերին, որոնք ժամանակին անցել են խորհրդային բռնաճնշումների մամլիչի միջով՝ ունենալով մեկ գաղափար՝ անկախ հզոր ՀՀ և անկախ ու անվտանգ Արցախ։ Մենք դրա համար կանենք ամեն ինչ, թե այդ ընթացքում մեզ ով կխանգարի կամ կօգնի՝ կդատի պատմությունը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում