ՔՊ-ական սրբապիղծները Ռուբեն Վարդանյանին և Բաքվում խոշտանգվող հայերին ուզում են դրդել այլ քայլերի. Նաիրա Զոհրաբյան

«ՔՊ-ականների քաղաքական գոյությունն անարգանք է հայ ժողովրդի նկատմամբ, լա՛վ, որքան թրքահպատակ և ադրբեջանահպատակ կարելի է լինել սեփական ազգին այս աստիճան նվաստացնելու և անարգանքի դատապարտելու համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի, Սասուն Միքայելյանի կողմից Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին արված արտահայտությունների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Այն քաղաքական պոռնկությունը, ցինիզմը, որը տեսա և լսեցի ՔՊ-ական որոշ առաջին դեմքերի կողմից Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցների հասցեին, հետևյալն է՝ բաց տեքստով ասում են՝ խփեք ձեզ։ Այս մարդիկ Բաքվում գերեվարված մեր հայերին ասում են՝ ձեզ գնդակահարեք, ուզում են դրդել այլ քայլերի։ Լավ, սրանք այնքան սրբապիղծ են, որ չեն հասկանում, որ այս մարդանց զրկել են նաև այդ հնարավորությունից։ Լա՛վ, որքան պետք է հայն ատի հային, երկրի իշխանությունը լինի այսքան անպատասխանատու սեփական քաղաքացիների նկատմամբ, որ նման բան հայտարարի։

Ես մշտական կապի մեջ եմ եղել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, որն իր մոտ ռումբ էր պահում։ Դավիթին ասել են՝ պետք է գաս և հանձնվես, հակառակ պարագայում տղադ չի կարող անցնել Հակարիի կամուրջը։ Կոնկրետ Հակարիի կամրջում պահել են մոտ 27 արցախցու, ասել են նույն Բակո Սահակյանին և մյուսներին՝ կամ գալիս եք, կամ նրանց կգնդակահարենք։ Հիմա ՀՀ այս իշխանությունը, փոխանակ ամեն հնարավորն ու անհնարն անի այս մարդկանց վերադարձնելու համար, ասում է՝ ձեզ սպանեք»,- ասաց Զոհրաբյանը՝ հիշեցնելով ամիսներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցադրումը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ուզում է, որ նրանք վերադառնան։

Կարդացեք նաև

«Դուք տեսել եք մի երկրի ղեկավարություն, որն իր քաղաքացուն նավոդկա ուղարկի, ասի՝ ինքնասպան եղիր։ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է դաժանագույն խոշտանգումների. խոշտանգման մի ձև կա՝ պողպատ են հագցնում ճակատին և ուղեղը սկսում լլկել։ Սա Ժնևյան և խոշտանգումների մասին բոլոր կոնվենցիաներով խոշտանգում է, հանցագործություն, իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ Անդրանիկ Քոչարյանի, Սասուն Միքայելյանի և Ալեն Սիմոնյանի բերանով այդ մարդկանց կոչ է անում՝ ինքնաոչնչացեք»,- ասաց Զոհրաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս