
Վրաստանը հայտարարություն է տարածել Աբխազիայում նախագահական ընտրությունների առիթով

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը հայտարարություն է տարածել Աբխազիայի նախագահական ընտրությունների առիթով՝ հայտարարելով, որ դրանք իրավական հիմք չունեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Պետնախարարի գրասենյակն արձագանքում է Աբխազիայի օկուպացված տարածքում ապօրինի անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ներկայացնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ևս մեկ կոպիտ խախտում նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Ներկայիս օկուպացիայի ֆոնին և այն պայմաններում, երբ Աբխազիայի տարածաշրջանից հարկադիր տեղահանվածներին և փախստականներին դեռևս հնարավորություն չի տրվում ապահով և արժանապատիվ վերադառնալ իրենց տները, և որտեղ տեղի բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները կոպտորեն և պարբերաբար խախտվում են, այսպես կոչված, ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը, հետևաբար չունեն իրավական հիմք։
Վրաստանի կառավարությունը հետևողականորեն և անշեղորեն իրականացնում է հաստատապես հռչակված խաղաղության քաղաքականությունը, որի ռազմավարական ուղղություններից մեկը, դեօկուպացիայի հետ մեկտեղ, հաշտեցման և ներգրավվածության գործընթացի իրականացումն է Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի նկատմամբ և դրա հետագա ակտիվացումը, որը նպատակ ունի բարելավել հակամարտությունից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները և վերականգնել վստահությունն ու խորացնել համագործակցությունը, որը հիմնված է արհեստականորեն պառակտված հասարակության ընդհանուր շահերի վրա»,- ասված է Վրաստանի պետնախարարի գրասենյակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել Բադրա Գունբան։