
Այլ թեկնածուի կարիք չկա. Թուրքիայի իշխող կուսակցությունը դիտարկում է Էրդողանի առաջադրումը հնարավոր արտահերթ ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը հայտարարել է, որ կուսակցությունը դիտարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կրկին առաջադրելու հեռանկարը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է IHA գործակալությունը։
«Մենք հուսով ենք, որ կրկին կառաջադրենք մեր նախագահին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այլ թեկնածուի կարիք չկա: Հաջորդ ընտրություններում մենք կրկին մեր նախագահին կդարձնենք երկրի ղեկավար», – ասել է նա Անթալիայում ԱԶԿ անդամների հետ հանդիպման ժամանակ։
Քաղաքական գործիչը նշել է, որ Էրդողանի թեկնածությունը առաջադրելու է Հանրապետական դաշինքը, որի կազմում են ԱԶԿ-ն և Ազգայնական շարժում կուսակցությունը։
Փետրվարի վերջին Türkiye թերթը, վկայակոչելով ԱԶԿ-ի ներքին կուսակցական քննարկումները, հայտնել էր, որ իշխող կուսակցության անդամները ոչ պաշտոնական քննարկում են 2027 թվականի աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը։
Նշվում է, որ ԱԶԿ-ն մտադիր է կրկին Էրդողանին առաջադրել որպես բարձրագույն պաշտոնի թեկնածու: Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին, երբ նախատեսվում են ընտրություններ, նա այլևս չի կարողանա մրցել նախագահի պաշտոնի համար, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նա կունենա այդ իրավունքը։
Պաշտոնապես ԱԶԿ-ն և երկրի ղեկավարությունը մինչ այժմ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չկա։