
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ:
Զրույցների ընթացքում պետությունների ղեկավարներն ու բարձր ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի, միջազգային զարգացումների միտումների, առկա մարտահրավերների և դրանց կանխարգելման ուղիների որոնման վերաբերյալ