
Վերջին 5 տարիներին ՀՖՖ պատասխանը նույնն է` գնալ առճակատման, ոչ թե երկխոսության. երկրպագուներին ասում են` «յան» տվեք ֆուտբոլից

Մարզական վերլուծաբան Կարեն Ռաֆայելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին հայկական ֆուտբոլի երկրպագուների բողոքի ակցիաներին։ Հիշեցնենք, որ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Երկրպագուները ընդհատում են հանդիպումները` արտահայտելով իրենց բողոքը։
Ակցիաներից մեկի ընթացքում տեղի ունեցավ թեժ ծեծկռտուք՝ ոստիկանների ու երկրպագուների միջև:
«Հայկական ֆուտբոլի ՄԱՐՏԻ 1-Ը
Երեկ Հայաստանի ֆուտբոլի առաջնության Փյունիկ – Արարատ-Արմենիա խաղը ընդհատվել է երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով։ Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներից 9-ին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով, ու մինչև հիմա բաց չեն թողել , հավանաբար ինչ֊որ գործ են հարուցելու։
Քանի որ թեման դուրս է գալիս նեղ ֆուտբոլային շրջանակներից, ու էսա վստահ եմ, լիքը մանիպուլյացիաներ ու կեղծ ինֆորմացիաներ է տարածվելու, փորձ անելով երկրպագուներին ներկայացնել որպես իսկական խուլիգաններ, բոլորը պետք է իմանան ամբողջ պատմությունը։
Այնպես չէ, թե ֆանատները մի օր որոշեցին, որ պետք է գան ու խաղ ընդհատեն։ Իմ կարծիքով, սա հասունացած ու գրեթե այլընտրանք չունեցող քայլ էր, որովհետև`
◾️ Դեռ 2 տարի առաջ նրանք բաց նամակով արտահայտել էին իրենց դժգոհությունը Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքից, ՀՖՖ-ից որևէ ռեակցիա կամ քայլ չհետևեց։
◾️ Հոկտեմբերին երկրպագուները ներկայացրեցին արդեն հրաժարականի պահանջը, որի շրջանակում 2 անգամ եկան ՀՖՖ գրասենյակի մոտ` հանդիպելու նախագահի հետ։ Որևէ շփման փորձ ՀՖՖ կողմից ոչ այդ ժամանակ, ոչ հետագայում չհետևեց։
◾️ Երկրպագուները բողոքի ակցիաներ արեցին առաջնության տուրերից մեկի ժամանակ, երբ մի քանի րոպեով ընդհատեցին բոլոր 5 խաղերը, ցույց տալով իրենց պահանջի կարևորությունը, բայց դրան էլ որևէ երկխոսության ադեկվատ քայլ չհետևեց։
◾️ Երկրպագուները տարբեր ակցիաներով շարունակեցին իրենց բողոքը, միաժամանակ ներկայացնելով նաև բովանդակային պահանջները` մամուլի ասուլիսի և վիդեոների միջոցով։
Էլի` ոչ մի էական արձագանք։ Միակը, ինչ լսել ենք ՀՖՖ կողմից, այն էր, որ հասկանում են երկրպագուների բողոքը։ Ու վերջ։ Բա ի՞նչ որ հասկանում եք։ Քանի որ որևէ պատասխան քայլ չի հետևում, էդ խոսքը հասկացվում է մոտավորապես այսպես` հասկանում ենք երկրպագուների բողոքը, բայց բանի տեղ չենք դնում։
Այս անպատասխանատվության մթնոլորտը բերեց նրան, որ Երկրպագուները գնացին ավելի լուրջ քայլերի` ընդհատելով խաղերը ոչ թե մի քանի րոպեով, այլ ավելի երկար։
Ընդ որում` ոչ մի բռնություն, ոչ մի լկտիություն, ոչ մի անձնական վիրավորանք և թիրախավորում, նույնիսկ երկրպագուներին ոչ հատուկ ցիվիլություն, որ ուրիշ երկրներում չես տեսնի։
Իսկ ՀՖՖ պատասխանը նույնն է` գնալ ոչ թե երկխոսության, այլ առճակատման։
Ու ով որ տեղյակ չէ մեր ֆուտբոլից, սա վերջին 5 տարվա մեր ֆուտբոլի ղեկավարման ընդհանուր պատկերն է, ոչ թե առանձին դեպք։ Այս 5 տարիների ընթացքում ցանկացած լուրջ քննադատություն ու անհամաձայնություն ՀՖՖ բռնած կուրսի հետ , քայլ առ քայլ վերածվել է առճակատման, բաց կոնֆլիկտի, էնքան, մինչև որ մեկը «հաղթի»։ Լոռի, Փյունիկ, տարբեր օղակների բազմաթիվ անհատներ, որոնք չկարողանալով իրենց շահերը պաշտպանել, ուղղակի ֆուտբոլից հեռացել ու գնացել են այլ բանով զբաղվելու։
Չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ ՀՖՖ-ն գնա երկխոսության, ու փորձի հարթել խնդիրը։
Ու հիմա նույնը ֆանատների հետ է արվում` ձերբակալություններով խեղդել նրանց «կարծիք ունենալու» իրավունքը, ստիպել յան տալ ֆուտբոլից… Մարտի 1։