Ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 գերիները. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մոտ շատ ծանր տպավորություն է թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, որում նա խոշտանգված էր։

«Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, նաև՝ մյուս գերիների նկարները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ԱԽ քարտուղարը վստահեցրեց, թե իշխանությունը օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր բոլոր գործիքները, որ լուծում գտնի։

«Ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունն օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այնն է, որպեսզի բոլոր գերիներն ազատվեն,  այսինքն՝ այս պահին հաստատված  23 գերիները վերադառան ՀՀ:

Մենք շարունակելու էլ ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 գերիները: Փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել:

Մեզ բոլորիս մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, մտահոգություններ ունենք: Մենք՝ բլորս, աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Եվ մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն ընթանում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով կոչերին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի դեռ գերիները չեն վերադարձել՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե գերիների ազատման գործընթացը պետք է փորձել տանել մի փոքր այլ հունով։

Տեսանյութեր

Լրահոս