Գորշ գայլերի առաջնորդը մահացել է. սու՞տ, թե՞ ճշմարտություն

Թուրքիայում բնակվող և սոցցանցերում իրեն պետականամետ մարդ որակող Ունալ Ջանբեյ անունով անձը թուրքական մամուլում ամենաշրջանառվող լուրերի հեղինակն է դարձել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ջանբեյը փետրվարի 27-ին X-ում կատարած գրառմամբ պնդել է, որ իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հոսպիտալացվել է։

Նրա գրառման համաձայն՝ Բահչելին մահացել է դեռևս փետրվարի 5-ին, երբ, ի դեպ, մամուլում սկսել էին լուրեր տարածվել, թե նա տեղափոխվել է հիվանդանոց:

«Բահչելիի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: ԱՇԿ-ն պահանջել է, որ իրավիճակի մասին իրազեկումը նահանգի և շրջանային ղեկավարներն անեն համբերատարությամբ և ողջախոհությամբ»,-գրել է նա:

Մինչ Ջանբեյի գրառումը մեծ տարածում է գտնում թուրքական մեդիայում, «ԱՇԿ»-ի առաջնորդի տեղակալ Իզզեթ Ուլվի Յոնթերը հանդես է գալիս հերքող հայտարարությամբ:

Նա, խիստ քննադատական կերպով արձագանքելով տարածվող պնդումներին, հայտնել է, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ պտտվող լուրերն ամբողջապես սին ու անհիմն են:

«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել մեր հարգարժան ղեկավարի հետ, ստացել նրա հրահանգները: Այն մարդիկ, ովքեր զրպարտանքներ են հնչեցնում նրա առողջության մասին, չարախոսներ և անարժաններ են:

Ես, որպես մեկը, ով ամեն օր հանդիպում է իր առաջնորդի հետ, բացեիբաց հայտարարում եմ, որ պնդվող յուրաքանչյուր բացասական լուր կեղծ է և շինծու: Շատ կարճ ժամանակ հետո կհանդիպենք ստոր և անիծված նկրտումներ ունեցողների հետ: Ալլահը թող մեր առաջնորդին գլխներիցս անպակաս պահի…»,-գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս