
Թրամփը կկրճատի Պետքարտուղարության աշխատակազմը և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների թիվը. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արմատապես կրճատել Պետքարտուղարության կազմը, որի արդյունքում այն կունենա ավելի քիչ դիվանագետներ, ավելի փոքր թվով դեսպանատներ և ավելի նեղ լիազորություններ։ Այս մասին հայտնում է POLITICO-ն:
Հրատարակության տրամադրության տակ է հայտնվել հնարավոր կրճատվող հյուպատոսությունների ցանկը, որոնց թվում են Ռենի, Լիոնի, Ստրասբուրգի, Բորդոյի (Ֆրանսիա), Դյուսելդորֆի, Լայպցիգի, Համբուրգի (Գերմանիա), Ֆլորենցիայի (Իտալիա), Պոնտա Դելգադայի (Պորտուգալիա) և Բելու Օրիզոնտիի (Բրազիլիա) հյուպատոսությունները: Թեև դեռ պարզ չէ, թե քանի դեսպանատուն կփակվի, սակայն պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ պատրաստ է թվի զգալի կրճատման։
Դեսպանատների կրճատումն ավելի բարդ է, քան հյուպատոսությունների փակումն այն պատճառով, որ շատ դեսպանատներ ունեն ԱՄՆ կառավարության այլ գործառույթներ, ներառյալ առևտրի և նույնիսկ գյուղատնտեսական գրասենյակներ:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հյուիթը Պետքարտուղարությունում փոփոխությունները հիմնավորել է ֆինանսական խնդիրներով։
«Մենք 36 տրիլիոն դոլարի պարտք ունենք», – ընդգծել է նա։ԱՄՆ վարչակազմն, ըստ POLITICO-ի, այս քայլով մտադիր է ապահովել, որ Պետքարտուղարությունը կենտրոնանա կառավարական համաձայնագրերի կնքման, ԱՄՆ անվտանգության ապահովման, ինչպես նաև երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու վրա։
Ըստ հրատարակության աղբյուրի՝ Պետքարտուղարության գործադիր քարտուղարությունը դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կենտրոնական հետախուզական վարչությանը, Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարություններին և այլ գերատեսչությունների՝ խնդրելով դասակարգել ԱՄՆ դեսպանատներն՝ ըստ իրենց աշխատանքի կարևորության։ Ա
ղբյուրը նշել է, որ գերատեսչությունները և գործակալությունները պետք է դեսպանատները գնահատեն 0-ից մինչև 10 սանդղակով:Այս նախաձեռնության կողմնակիցների կարծիքով՝ նման վերափոխումը կհանգեցնի ավելի կենտրոնացված, բայց միևնույն ժամանակ ճկուն արտաքին ծառայության, որն ավելի լավ կծառայի ԱՄՆ շահերին:
Սակայն քննադատների խոսքով՝ բարեփոխումները կարող են վնասել ԱՄՆ-ին երկարաժամկետ հեռանկարում, հատկապես, երբ այն մրցակցում է Չինաստանի հետ, որը վերջին տարիներին գերազանցել է Միացյալ Նահանգներին իր դիվանագիտական հաստատությունների քանակով ամբողջ աշխարհում։
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը:
DOGE-ի ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ վարչությունն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։
Մասկի նախաձեռնությամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։