
Ի՞նչ սպասել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վաշինգտոնյան այցից

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու համաձայնագիր, որը թույլ կտա ԱՄՆ-ին մուտք ունենալ Ուկրաինայի հազվագյուտ հանքավայրեր: Սակայն Ուկրաինայի առաջնորդն ասում է, թե դեռ առկա են չլուծված խնդիրներ։
Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ գործարքը Կիևի հետ հնարավոր է:
Ուկրաինայի նախագահը այս ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու հանքավայրերի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ԱՄՆ-ին իրավունք կընձեռի ուկրաինական հազվագյուտ հանածոների նկատմամբ և կփոխհատուցի Վաշինգտոնի՝ նախորդ երեք տարիներին արված հատկացումները Կիևին:
«Պայմանագիր ենք ստորագրելու։ Շատ մեծ պայմանագիր է լինելու: Այն կվերաբերվի հազվագյուտ հանածոներին և այլնին»,- ասել է Թրամփը:
Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ համաձայնագրում բացակայում է առանցքային տարրը՝ կոնկրետ երաշխիքներ Ուկրաինայի անվտանգությանը: Չորեքշաբթի Թրամփը փաստացի մերժեց Կիևի հիմնական ցանկությունը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Այս գործարքում առկա են ընդհանուր բնույթի ուրվագծեր անվտանգության երաշխիքների մասին: Անհրաժեշտ է սահմանել հաջորդ քայլերն այս հարցում: Առանց անվտանգության ապագա երաշխիքների, իրականում, չենք ունենա խաղաղություն և զինադադար, ինչի մասին խոսել է Թրամփը: Եթե այդ չունենանք, ապա ոչինչ չի ստացվի»,- նշել է Զելենսկին:
German Marshall Fund հաստատության վերլուծաբան Օլենա Պրոկոպենկոն ասում է, թե օգտակար հանածոների հետ կապված գործարքը խաղաղության հաստատման վերաբերյալ Զելենսկու պատկերացման մասն է:
«Ուկրաինայի կառավարության համար դժվար է ամբողջությամբ հետ կանգնել առաջարկից: Ցավոք, գործարքի նախագիծը, [որը] առաջարկվել էր Ուկրաինային, բավականին հիասթափեցնող էր և միակողմանի: Բայց հիմա, երբ պայմանավորվածությունը շատ ավելի հավասարակշռված է թվում, Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ստորագրել այն»,- նշում է Պրոկոպենկոն:
Վերլուծաբանը, ով Ուկրաինայի ֆինանսների նախարարի նախկին խորհրդականն է, ակնկալում է տեսնել որոշակի հստակեցումներ՝ նախքան գործարքի ստորագրումը։
«Երաշխիքները նշելու առումով որոշակի առաջընթաց կա, բայց վերջնական գործարքում դա շատ ավելի մանրամասն պետք է լինի, քանի որ այս պահին անվտանգության ապահովման և ներդրումների միջև կոնկրետ կապ չկա։ Այս պահի դրությամբ [փաստաթուղթը] նման է ներդրումային գործարքի, բայց ոչ անվտանգային համաձայնության»,- ասում է Պրոկոպենկոն:
Ինչևէ, այս ամենի ֆոնին՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մոտ մեկ հինգերորդը և չի պատրաստվում զիջել որևէ հողակտոր՝ հանուն խաղաղության հաստատման: