Բաժիններ՝

Վատիկանից հայտնել են հոսպիտալացված Պապի առողջական վիճակի որոշակի բարելավման մասին

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը լավ քնել է և առավոտյան առաջին կեսն անցկացրել է հանգստի վիճակում։

Նախաճաշից հետո Սրբազան Հայրը շարունակել է բուժումը՝ բազկաթոռին նստած։

Նա տեղեկացվել է իր համար աղոթելու բազմաթիվ նախաձեռնությունների մասին և բարձր տրամադրություն ունի, գրում է Vatican News-ը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին նախատեսված հոբելյանական ունկնդրությունը չեղարկվել է։

Չորեքշաբթի երեկոյան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հռոմի պապի առողջական վիճակը վերջին 24 ժամվա ընթացքում փոքր-ինչ բարելավվել է։

«Վերջին օրերին նկատված երիկամների թեթև անբավարարությունը նվազել է, -ասված է հայտարարության մեջ: – Կրծքավանդակի համակարգչային շերտագրությունը, որը կատարվել է (երեքշաբթի) երեկոյան, ցույց է տվել թոքաբորբի բնականոն զարգացում: Արյան հետազոտությունները, որոնք կատարվել են (չորեքշաբթի) հաստատել են նկատված բարելավումը (երեքշաբթի օրը):

Հռոմի պապը շարունակում է թթվածնային թերապիայի բարձր հոսքը, սակայն չորեքշաբթի երեկոյան նա ասթմայի նման շնչառական ճգնաժամ չի ունեցել:

Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության՝ նրա վիճակի վերաբերյալ կանխատեսումները դեռևս «զգուշավոր» են:

Հռոմի պապն ուրբաթ՝ փետրվարի 14-ին, ընդունվել էր Հռոմի «Gemelli» հիվանդանոց՝ բրոնխիտով հիվանդանալուց հետո, իսկ ավելի ուշ բժիշկները նրա մոտ կրկնակի թոքաբորբ են ախտորոշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս