
ՀՀ ԳՇ պետը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ անդրադարձ է կատարվել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները:
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: