Վահան Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Նախագահական պայքարը ո՞ւր է այսօր
«Միավորման պարագայում, եթե քաղաքական ուժերը առանձին չեն մասնակցում, միավորվում են, պլատֆորմը պետք է ղեկավարի այն մարդը, որը տվյալ պահին ամենից բարձր ռեյտինգն ունի»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չհամաձայնեցիք, որ «Բարև, Երևան» ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը, իսկ հիմա ասում եք, թե ՀՅԴ-ն «միավորման տապալման մեջ մեղավոր չէ», ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց. «այդ պահին ամենաբարձր ռեյտինգն ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեր պահանջն ու առաջարկն այն է, որ միավորված ցանկն ինքն անձամբ ղեկավարի: Նույնիս եթե նա մեզ է տալիս, ասում է Լիլիթ Գալաստյանը… Լիլիթ Գալստյանի ռեյտինգը Երևանում շատ բարձր է: Նա Երևանի համար ամենապայքարող տեսակն է մարդու: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական բնույթ են կրում, ինչը ակնհայտ է, ու անգամ ընդունվում է նրանց կողմից, ովքեր դա ժխտում էին, նախագահական ընտրություններում՝ աննախադեպ արդյունք ձեռք բերած Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գլխավորեր ցուցակը: Այդ ժամանակ ընդդիմության գործը շատ ավելի հեշտ կլիներ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նա նաև ավելացրեց, որ իր կարծիքով՝ հիմա էլ կա հաջողություն գրանցելու հնարավորություն:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատում եղել են մարդիկ, ովքեր նրան սխալ խորհուրդ են տվել, որովհետև, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ինքը չի հասկանում, թե հաջողություն արձանագրելուց հետո ինչպե՞ս կարելի է չօգտվել դրանից ու սպասել ավելի մեծ հաջողության. «Սա սխալ տակտիկա է: Մարտավարական լուրջ սխալ»:
Մեր հարցին, թե նախագահական ընտրությունների պայքարն այդ դեպքում երկրորդ պլան չէր մղվի՞, ՀՅԴ անդամը պատասխանեց. «Իսկ հիմա ո՞ր պլանում է այդ շարժումը: Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորեց ավագանու ցուցակը, նախագահական ընտրությունների վերանայման պայքարը ո՞ւր է: Քաղաքական պայքարը հնարավոր չէ շատ երկար ժամանակ էմոցիոնալ ալիքի վրա կառավարել: Այն անխուսափելիորեն, անհրաժեշտաբար պետք է մտնի կազմակերպչական շրջանակների մեջ, այն ինչ առաջարկում էին իրեն հենց սկզբից: Միայն դրական էմոցիայի վրա դու չես կարող շարժումը պահել երկար ժամանակ»:
Վ. Հովհաննիսյանը նշեց, որ շարժումը պետք է ամեն օր նոր նվաճում ունենա, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարելը:
«Սա իսկապես կարող էր լուրջ արդյունք գրանցել: Բայց սրանից հրաժարվեցին՝ ասելով, թե նախագահական… բայց դա չես կարող շարունակել հավերժ: Նախագահական պայքարը ո՞ւր է այսօր»: