
Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ

Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև Հայաստանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. դեկտեմբերի 20–ին Մոսկվայում:
«Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի բյուջեի հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։
Նշվում է, որ համաձայնագրում առավել հստակ ձևակերպվել են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրություններին համապատասխան:
Նախատեսվում է, որ համալսարանի ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը ռեկտորի պաշտոնը չի կարող զբաղեցնել ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։