
«27-ին, 28-ին եղել եմ հրապարակում… չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը…». ադրբեջանցի ականատես

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 37-րդ տարելիցը:
Սումգայիթի ողբերգական դեպքերի վերաբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից:
Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC-ին տված հարցազրույցում նշել էր.
«27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից:
Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել… Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը…»:
Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 37 տարի անց Ադրբեջանի քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․»։