
Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. Սպիտակի ԲԿ-ի տնօրեն

Սպիտակի բժշկական կենտրոնը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը։ «Փետրվարի 24-ին, բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապ բուժօգնության բուժանձնակազմի նկատմամբ: Վերջին օրերին սա բուժաշխատողների հանդեպ բռնության արդեն երկրորդ դեպքն է:
Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:
Սպիտակի բժշկական կենտրոնը խստորեն դատապարտում է տեղի ունեցած նմանատիպ ցանկացած դրսեւորում:
Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»,- Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը՝ լուսանկարներ հրապարակելով։