
Լեհաստանը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի զորակազմը, եթե Գերմանիան հրաժարվի դրանից

Լեհաստանը հոժարակամությամբ իր տարածք կընդունի ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմը, եթե Գերմանիայի նոր կառավարությունը հրաժարվի դրանից: Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է Polsat հեռուստաալիքին:
«Եթե Գերմանիան չի ցանկանում ամերիկյան զորքեր, չի ցանկանում գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, ապա մենք շատ հոժարակամությամբ կընդունենք ԱՄՆ-ի հետ գործընկերությունը: Որպես Լեհաստանի նախագահ, ես կարող եմ ողջ պատասխանատվությամբ ասել՝ ես շահագրգռված եմ այն հարցում, որ ողջ համագործակցությունը, որը Գերմանիան ունի ԱՄՆ-ի հետ, տեղափոխվի Լեհաստան։ Մեծ հոժարակամությամբ», – ասել է Դուդան։
Նա այսպես է մեկնաբանել Բունդեսթագի ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական Միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն դաշինքի առաջնորդ, Գերմանիայի դաշնային կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ գործընկերության այս ձևից հնարավոր հրաժարվելու մասին։
Պատասխանելով Եվրամիության շրջանակներում ընդհանուր բանակ ստեղծելու գաղափարի վերաբերյալ հարցին՝ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանի համար «հուսալի դաշնակիցն առաջին հերթին ԱՄՆ-ն է, որը վերջին հարյուր տարվա ընթացքում քանիցս ցույց է տվել, որ վերադառնալով խաղին՝ ի վիճակի է ընդհատել ցանկացած զինված հակամարտություն, դադարեցնել այն»։