Բաժիններ՝

Կանադայում մեկնարկել է ստորագրահավաք՝ Իլոն Մասկին քաղաքացիությունից զրկելու նպատակով

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատ) հրապարակել է խնդրագիր, որը պահանջում է Կանադայի քաղաքացիությունից զրկել ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկին՝ պատճառաբանելով, որ նա «զբաղված է իրենց երկրի ազգային շահերին հակասող գործունեությամբ»։ Մինչ այժմ խնդրագիրը ստորագրել է մոտ 160 000 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք՝ Կանադայի ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում վարչապետին չեղյալ համարել Իլոն Մասկի երկքաղաքացիության կարգավիճակը և անհապաղ չեղարկել նրա կանադական անձնագիրը», – ասված է խնդրագրում։

Որոշման մեջ բերված պատճառները ներառում են Մասկի կողմից «իր հարստության և ուժի» օգտագործումը Կանադայի ընտրությունների վրա ազդելու համար, ինչպես նաև նրա կապն օտարերկրյա կառավարության հետ, «որը փորձում է ոչնչացնել Կանադայի ինքնիշխանությունը»:

Ստորագրահավաքին աջակցել է Նոր դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Չառլի Անգուսը։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2025 թ. հունիսի 20-ը։

Մասկը հունվարին X-ի իր էջում մի քանի անգամ մեկնաբանել է Կանադայի քաղաքականությունը, մասնավորապես, նա աջակցություն է հայտնել Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալյևրին և քննադատել վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս