Վրաստանում խուզարկել են մարզական մեկնաբան Սանդրո Ցնոբիլաձեի տունը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան խուզարկել է մարզական մեկնաբան Ալեքսանդր (Սանդրո) Ցնոբիլաձեի տունը և առգրավել համակարգչային տեխնիկա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Խուզարկության ավարտից հետո դեպքի վայրում ներկա լրատվամիջոցներին ՀՔԾ-ի քննիչը հայտնել է, որ մեղադրանքի մասին խոսք չկա, խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա՝ ընթացող հետաքննության շրջանակներում։

Ըստ ՀՔԾ-ի քննիչի՝ գործը վերաբերում է «տուժող կնոջ անձնական կյանքը պատկերող ինտիմ լուսանկարների անօրինական ձեռքբերմանը»:

«Տուժողը մատնացույց է արել մեր խուզարկածին, իսկ ՄԵՏԱ-ից ստացված տեղեկատվությունը համապատասխանում է այն հասցեին, որտեղից անձը կեղծ աքաունթի միջոցով ապօրինի ինտիմ լուսանկարներ է ձեռք բերել: Մեղադրանք չկա, սա քննչական գործողություն է», — ասել է քննիչը՝ նշելով, որ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Խուզարկությունից հետո Ցնոբիլաձեն ասել է, որ «իր դեմ եթե ընդհանրապես ինչ-որ բան ունենային, այժմ այստեղ չէի կանգնի, ինձ կձերբակալեին»։ Նրա խոսքով՝ առգրավել են նոութբուք և սկավառակներ, որոնց վրա «թվայնացվել է Ապրիլի 9-ի ֆիլմը» և իր մորը պատկանող ձայներիզներից թվայնացված ֆիլմեր։

Խուզարկության պահին տանն են եղել Ցնոբիլաձեի ընտանիքի անդամները՝ մայրն ու որդին։ Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նրա փաստաբան Լաշա Տկղեշելաձեն։

Ուշագրավ է, որ Ցնոբիլաձեն Վրաստանում շարունակվող խաղաղ բողոքի ցույցերի ակտիվ մասնակից է։

2024 թվականի նոյեմբերի 28-ին ցույցերի մեկնարկից հետո ոստիկանները խուզարկում են մի քանի ակտիվ ցուցարարների տները։ Եվրոպամետ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 89 օր:

Տեսանյութեր

Լրահոս