
«Վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է». Թուրքիայում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան

Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ դեսպան Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ կառույցը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով վիզայի հարցի լուծման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հարաբերությունների ամրապնդման գործընթացում ենք, իսկ վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»։
Նրա որակմամբ, Թուրքիան ռազմավարական կարևորության նշանակություն ունի տարածաշրջանում, ներառյալ Հարավային Կովկասի և Ուկրաինայի հետ կապված բանակցություններում:
Օսովսկին նաև հիշատակել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ԵՄ-ի կողմից սահմանված 72 վիզային չափանիշներից 6-ը, սակայն աշխատանքներ են տարվում վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ:
Նա նշել է, որ Թուրքիան Շենգենյան վիզաների հարցում ԵՄ-ի երկրորդ ամենամեծ դիմորդն է՝ Չինաստանից հետո:
Դեսպանը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է մաքսային միության արդիականացման գործընթացին, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը: