
ԱՄՆ-ն ազատ է արձակել ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին

ԱՄՆ-ն ազատ է արձակել կիբերհանցագործության մեղադրանքով պատիժը կրող Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին։
Ալեքսանդր Վիննիկի փաստաբան Արկադի Բուխը Ռիա Նովոստի-ին հայտնել է, որ ռուսաստանցին ինքնաթիռով ժամանել է Թուրքիա, որտեղից նրան մեկ այլ չվերթով ուղարկել են Ռուսաստան։
«Մենք թարմացված տեղեկություն ենք ստացել պարոն Վիննիկի գտնվելու վայրի և կարգավիճակի վերաբերյալ: Մեզ տեղեկացրին, որ նա ինքնաթիռով ժամանել է Թուրքիա, որտեղից նրան մեկ այլ չվերթով ուղարկել են Ռուսաստան»,- ասել է Բուխը։
Ըստ Բուխի՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նա կժամանի Մոսկվայի օդանավակայան։
2017 թվականի հուլիսի 25-ին Ալեքսանդր Վիննիկը ձերբակալվել էր Հունաստանի հյուսիսային Խալկիդիկի թերակղզու հյուրանոցներից մեկում՝ ԱՄՆ պահանջով։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ռուսաստանն ազատ էր արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին։