![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-13-Feb-2025-04-48-PM-8955.jpg)
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին վերահաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ։
Այս մասին նա նշել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Մաջիդ Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
Գրիգոր Հակոբյանն իր հերթին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի կառավարության և ժողովրդի համար Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը մեծ կարևորություն ունի։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում։