Շատ ռիսկեր ունենք. Փաշինյան

Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։

«Մենք շատ ռիսկեր ունենք, բայց սա որևէ ռիսկ ավելի ռիսկային չի դարձնում, այլ շատ ռիսկեր դարձնում է ավելի կառավարելի, քան նախկինում․․․ Երկագունդն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել, բայց մյուս կողմից` քայլ-քայլ պետք է կարողանանք բալանսների մեջ ապահովել նաև կայունություն»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե արդյոք օրինագիծն ունի՞ ռիսկեր Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վատացնելու համատեքստում։

Փաշինյանի կարծիքով՝ երբ այս օրենքն ամբողջապես ուժի մեջ մտած լինի, ժողովրդին առաջարկած կլինեն «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» ։ Վարչապետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է հասարակության մոտ ճիշտ սպասումներ ձևավորել։

«Մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորվենք, որ մարդիկ չմտածեն, թե վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Սա կարևոր քայլ է, որ ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենաք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ օրենքը կարևոր բաղադրիչ է նաև անվտանգային առումով։

Տեսանյութեր

Լրահոս