Գերմանիայի Հայոց Թեմի և Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի համատեղ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ

Գերմանիայի Հայոց Թեմն եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդը խոր մտահոգութեամբ են հետեւում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Հայաստանի Հանրապետութեան գաղափարական յարացոյցի փոփոխութեան վերաբերեալ վերջին շրջանում կատարած յայտարարութիւններին։ Մենք այդ գաղափարական շրջադարձն ընկալում ենք որպես աշխարհասփյուռ հայությանը պառակտելու եւ նրա հոգեւոր ու բարոյական արժեքների միասնական համակարգը վտանգելու փորձ: Կայուն, անվտանգ ու զօրեղ պետութիւն կարելի չէ հիմնել պատմական սխալ ու թերուս դատողութիւններով։

Սովետական Միութիւնը փլուզուեց իր հիմնադրութիւնից միայն եօթը տասնամեակ յետոյ, որովհետեւ հիմնուած էր կեղծիքի ու պատրանքի վրայ։ Իրենց աւետած «նոր ադամ»-ը նոյն «հին ադամ»-ն էր՝ միայն շպարուած ու ծպտուած։ ՀՀ վարչապետի վարած «նոր» քաղաքականութիւնը նման ուղիով է ընթանում՝ սալայատակուած կեղծիքներով ու պատրանքներով։ Ըստ երեւոյթի ՀՀ վարչապետը ո՛չ ցեղասպանութիւնից է դաս քաղում, ո՛չ Սովետական Միութեան անկումից եւ ո՛չ իսկ արցախեան ողբալի պարտութիւնից։ Ըստ երեւոյթին՝ նա փորձում է իր յայտարարութիւններով, քաղաքական տեւական նահանջներով ու պահանջատիրութիւնից հրաժարուելով հաճոյանալ Ադրբէյջանին, որի տարածքային նկրտումներն ու քաղաքական ոտնձգութիւնները շարունակւում են, եւ Թուրքիային, որի հարիւրամեայ հանրապետութիւնը հիմնուած է ցեղասպանութեան ու նրա հերքման վրայ։

Սպանութիւններն ու ցեղասպանութիւնները վաղեմութեան ժամկէտ չունեն: Ոճրագործների անպատժելիութիւնը բերում է նոր ոճիրների:

Վախն ընդհանրապէս վատ խորհրդատու է։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ ՀՀ այսօրուայ իշխանութիւնների ներկայ կեցուածքը նպաստում է դժբախտաբար ուժեղի օրէնքին, բայց թուլացնում օրէնքի ուժը։

Արցախը կորցնելով շարունակւում են կորուստները։ Ներկայ իշխանութիւնների հաշուարկը, թէ Արցախը կորցնելով խաղաղութիւն կը կայանայ, սխալ էր։ Նոյն միամտութիւնը նրանք շարունակում են մինչեւ այսօր՝ հրաժարուելով ամէն ուժի լծակից։

Ադրբէյջանը ստորագրել եւ վաւերացրել է 1950 եւ 2002 թուականների Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիաները եւ խախտում է։

Ադրբէյջանը ստորագրել է Միաւորուած Ազգերի կազմակերպութեան կանոնադրութիւնը եւ խախտում է։

Ադրբէյջանը ստորագրել է 1949 թուականի Ժնեւի կոնվենցիան եւ խախտում է։

Ադրբէյջանը ստորագրել է 1966 թուականի Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագիրը եւ խախտում է։

ՀՀ վարչապետը իրապէ՞ս կարծում է, որ այդ պետութիւնը կը յարգի Հայաստանի Հանրապետութեան նման խեղճ ու խեղճացած պետութեան հետ կնքուած խաղաղութեան մի պայմանագիր։ Չէ՞ որ մինչեւ հիմա այդ հարեւանները ոչ մի երաշխիք չեն տուել, որ ձգտում են խաղաղութեան, այլ ընդհակառակն, ակնյայտօրէն ու անթաքոյց շարունակում են իրենց անզիջում պայքարը՝ աւարտին հասցնելու իրենց նախնիների ցեղապաշտ ու գաղութարար ծրագիրը։

Հայաստանին պէտք է ոչ թէ ճարպիկ, այլ ուշիմ քաղաքականութիւն։ Ուշիմ, որը յուշ, յիշողութիւն ուշադրութիւն ու կշռադատութիւն է պարունակում։

  • Ուժեղն ընդլայնում է իր կարելիութիւնները, թոյլը՝ արդարացնում իր անկարողութիւնը։
  • Ուժեղն իրեն պարտադրում է ուրիշներին, թոյլը նահանջում է անընդհատ։
  • Ուժեղն արի է, իսկ թոյլը մահուան վախից ինքնասպանութիւն է գործում։

Ի՞նչ Հայաստան են ուզում Փաշինեանն ու ներկայ իշխանութիւնները՝ ուժե՞ղ, թէ՞ թոյլ Հայաստան։ Մենք ուզում ենք ուժե՛ղ Հայաստան։

Ուստի Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեայ տարելիցի նախօրեակին կոչ ենք ուղղում նրանց`

  • Վերանայել իրենց դիտարկումներն ու դադարեցնել մեր ինքնութիւնը, միասնականութիւնն ու արժէքները ջլատող յայտարարությունները,
  • Միացեալ ուժերով դիմակայել մեր հակառակորդների ճնշումներին՝ բանիմաց դիւանագիտական եւ միջազգային դատավարական ռազմավարութեամբ,
  • Պահանջատէր լինել թէ՛ Ադրբէյջանի եւ թէ՛ Թուրքիայի նկատմամբ՝ պահելով Ցեղասպանութեան ճանաչման հարցը օրակարգում:

Այս պարագայում մենք միշտ պատրաստ ենք աջակցել ու մեկնում ենք գործակցութեան մեր ձեռքը։

Գերմանիայի Հայոց Թեմ 

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս