Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարի 15-ին սպասվող կոչի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Օջալանը 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման և այժմ գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս անգամ թեմային անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն» (DEM) Շանլըուրֆայի քուրդ պատգամավոր Օմեր Օջալանը։

Ըստ նրա, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության երկրորդ հիմնադիր։

«Կարծում եմ, որ պարոն Օջալանի ուղերձը չի լինի տեխնիկական հաղորդագրություն՝ բաղկացած տասը նախադասությունից, որը թուրքական մամուլը կրճատելու է «զենքերը վայր դնելու կոչով» և նմանատիպ ձևերով։ Պարոն Օջալանը նաև փիլիսոփա է և իր ուղերձում լայն շրջանակ կներկայացնի։ Հավատում եմ, որ դա կլինի ուղերձ աշխարհին, որը կունենա ուժեղ ենթատեքստ ու ազդեցություն, և կազդի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի վրա։ Տեսաուղերձը հսկայական ազդեցություն է թողնելու, Թուրքիան ցնցելու է»‎,- նշել է քուրդ պատգամավորը։

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Օջալանը հնարավոր է հայտարարի կուսակցության լուծարման, PKK-ի կողմից Թուրքիայում իրականացվող ռազմագործողությունների դադարեցման և զենքերը վայր դնելու մասին։

Մինչ շրջանառվող լուրերն էլ Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։

Տեսանյութեր

Լրահոս