![](/banners/BeFunky-design.jpg)
Դիզելային վառելիքի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-913.jpg)
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա. – ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ. – ն Ա. Ա. – ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա. – ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա. – ին:
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին ՊՆ մեկ այլ աշխատակից Գ. Ո. – ն, դարձյալ Ա. Ա. – ի հանձնարարությամբ, նույն զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝ պարտքի դիմաց։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Ա. Ա. – ն հանձնարարել է Ն. Պ. – ին և Գ. Ո. – ին՝ հիշյալ զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից ևս 400 լիտր վաճառել:
Հանձնարարությունն իրագործելու նպատակով նշված օրը Ն. Պ. – ն և Գ. Ո. – ն այն տեղափոխել են պայմանագրային զինծառայող Հ. Ա. – ի առանձնատուն՝ վերջինիս հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ դիզվառելիքը նրան վաճառելու նպատակով, սակայն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ա. – ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Ն. Պ. – ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գ. Ո. – ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ. Ա. – ին՝ 295-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: