![](/banners/BeFunky-design.jpg)
POLITICO-ն ոչ մի ֆինանսական կախվածություն չունի կառավարությունից. հայտարարություն
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Politico.png)
Ամերիկյան POLITICO թերթը հերքել է ԱՄՆ գերատեսչությունների, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքները, թե իբր լրատվամիջոցը ֆինանսավորվել է ամերիկյան իշխանությունների կողմից։ Այս մասին թերթի կայքում ընթերցողների համար պարզաբանում են հրապարակել գործադիր տնօրեն Գոլի Շեյխոլեսլամին և գլխավոր խմբագիր Ջոն Հարիսը։
«Կառավարական գործակալությունները, որոնք բաժանորդագրվում են մեզ, դա անում են պետական գնումների ստանդարտ գործընթացի միջոցով, ինչպես ցանկացած այլ գործիք, որ նրանք գնում են, որպեսզի աշխատեն ավելի լավ և լինեն ավելի արդյունավետ: Սա ֆինանսավորում չէ: Սա նույնպիսի գործարք է, ինչպիսին այն դեպքում, երբ կառավարությունը պատվիրում է հետազոտություններ, սարքավորումներ, ծրագրային ապահովում և ոլորտի հաշվետվություններ: Որոշ մարդիկ միտումնավոր կեղծիք են տարածում առցանց հարթակներում։ Եկեք հստակեցնենք՝ POLITICO-ն ոչ մի ֆինանսական կախվածություն չունի կառավարությունից և չունի թաքնված օրակարգ», – նշվում է համատեղ հայտարարության մեջ:
Թերթի ղեկավարությունը նաև պարզաբանել է, որ պետական կառույցները գնում են ոչ թե թերթի սովորական, այլ նրա POLITICO Pro ծառայության բաժանորդագրությունը:
«Դա պրոֆիլային բաժանորդագրություն է, որից օգտվում են ընկերությունները, կազմակերպությունները և, այո, որոշ պետական գործակալություններ: Նրանք բաժանորդագրվում են, քանի որ դա օգնում է նրանց ավելի լավ կատարել իրենց աշխատանքը՝ հետևել քաղաքականության, օրենսդրության, կանոնակարգի փոփոխություններին իրական ժամանակում՝ ստանալով նորություններ, վերլուծություններ և տվյալներ», – նշել են հրատարակության ղեկավարները:
Նրանք նաև հավելել են, որ խմբագրությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին ու արժեքներին և մտադիր է շարունակել աշխատանքը։Ավելի վաղ միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), հայտնել էր, որ գործադիր իշխանությունները դադարեցնում են բաժանորդագրությունները ամերիկյան POLITICO, The New York Times թերթերին և The Associated Press գործակալությանը:
Իր հերթին Թրամփն իր Truth Social հարթակում գրել էր, թե POLITICO-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացել է 8 միլիոն դոլար, որպեսզի դրական հոդվածներ հրապարակի դեմոկրատների մասին։