![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/l-0x48wh-786x458z-1.jpeg)
Իրանում ՀՀ Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Հայտնում են դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում ԻԻՀ համար առանձնակի նշանակություն ունի կապերի զարգացումը ՀՀ հետ:
Իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը:
Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության ջանքերը և նշել, որ այդ համապատկերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հարաբերությունների առավել խորացումը հարևան ու բարեկամ Իրանի հետ: