Ավելի քան 9 միլիոն դրամ՝ ֆավորիտ մատակարարին
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է տրամադրել։ Նախարարությունից ստացած դրամաշնորհով «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ն 9 միլիոն 159.000 դրամով կապահովի «Ապարանը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի իրականացումը։
Պետական միջոցների հաշվին պայմանագրի շրջանակում իրականացվելու են միջոցառման բացման և փակման արարողություններ, գովազդային նյութերի պատրաստում, բանախոսությունների կազմակերպում, Ապարան համայնքի բնակավայրերի 100 բանախոսների տեղափոխում միջոցառման վայր, փորձագիտական խմբի այցելություն, երիտասարդների շրջանում տեղեկատվական միջոցառում և սպորտլանդիա։
Դեռ նախորդ տարի ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին, որ ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները․
«2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։
Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ապարանը»։
«Գևորգիան կոնցեռնն» իր հետ աֆիլացվող՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլ կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարարը։
Միայն «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ն 2022 թվականից մինչ օրս տասնյակ-միլիոնավոր դրամների 5 դրամաշնորհ է ստացել ԿԳՄՍ նախարարությունից, որից 2-ը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի երկու տարիների մրցույթների կազմակերպման համար, և 1 աստղաբաշխական դրամաշնորհ էլ ՝ 438 միլիոն 627.600 դրամի չափով, նախորդ տարի էր տրվել ՍՊԸ-ին՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացման համար։