ԵՄ-ն դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները
ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։
«Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի ակնկալիքները։ «ԵՄ-ն աջակցում է վրաց ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար պայքարում»,- հավելել է Կալասը։
Կիրակի Թբիլիսիում տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում ամենազանգվածային բողոքի ցույցերից մեկը։ Ի թիվս այլոց, ձերբակալվել է ընդդիմության երկու առաջնորդ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Հարյուրավոր ցուցարարներ արևելյան ուղղությամբ քաղաքից դուրս գտնվող առևտրի կենտրոնի մոտ որոշ ժամանակ փակել են Վրաստանի մայրաքաղաքը Սև ծովի ափին կապող մայրուղու մի քանի գիծ։ Ակտիվիստները պահանջել են ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին, ինչպես նաև նոր ընտրություն անցկացնել։
Ըստ ընդդիմադիր հեռուստաալիքների՝ ձերբակալվածներից մի քանիսին հետո դաժան ծեծի են ենթարկել, փաստաբաններին էլ թույլ չեն տվել տեսակցել նրանց։