Ավետիսյան դպրոցն արձագանքել է Կարո Փայլանի այցի և թուրքական քարոզչություն անելու մասին լուրերին
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Երևանի Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այցի և թուրքական քարոզչություն անելու մասին լուրերին.
«Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի «Ահազանգ! Թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Կ. Փայլանի մասնակցությամբ» վերնագրով ս.թ. փետրվարի 2-ի հրապարակմանը, որն իր հերթին արտատպվել է նաեւ այլ լրատվամիջոցների կողմից, հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, ինչպես նաեւ վերնագիրը պարունակում են ակնհայտ զրպարտություն եւ չեն համապատասխանում իրականությանը:
Հրապարակումից անմիջապես հետո, միջոցառման կազմակերպիչները կապ են հաստատել նյութի հեղինակի հետ եւ մանրամասնորեն ներկայացրել միջոցառման նպատակն ու բովանդակությունը՝ պատասխանելով նրա բոլոր հարցերին, սակայն վերոնշյալ պարզաբանումները հեղինակի կողմից որեւէ կերպ չեն ներկայացվել հանրությանը՝ հերքելու նախորդ նյութում տեղ գտած ապատեղեկատվությունը։
Իրականում, 2025 թ. հունվարի 31-ին Ավետիսյան դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ, պոլսահայ գործիչ Գարո Փայլանի հետ, ով ութ տարի թուրքական խորհրդարանում, այնուհետեւ՝ միջազգային հարթակներում, պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հրանտ Դինքի սպանության հանգամանքները պարզելու և դատապարտելու, ինչպես նաև հայության մի շարք օրակարգային հարցերի հասցեագրման համար:
Քանի որ Ավետիսյան դպրոցում գործում է Հրանտ Դինքի անվան լսարանը, որը բացվել է 2017 թ. հունիսի 23-ին՝ Ռաքել Դինքի ձեռամբ, սույն այցելությունը նպատակաուղղված է եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հրանտ Դինքին, ինչպես նաեւ դպրոցի հետ բաժնեկցելու մեծ հայրենասերի և իր համախոհ ընկերոջ մասին ունեցած հիշողությունները։
Փայլանի այցի մասին նախապես տեղեկացվել է թե՛ ուսուցչական, եւ թե՛ ավագ դասարանների աշակերտական կազմին, ովքեր պատրաստակամորեն մասնակցել են հանդիպմանը։
Բոլոր ներկաները խոսնակին ազատ հարցեր ուղղելու եւ նրա հետ բանավիճելու հնարավորություն են ունեցել: Հարցերի գերակշիռ մասը, ինչպես նշվեց, առնչվել է Հրանտ Դինքի հետ Փայլանի անցած ուղուն, Թուրքիայում ապրող հայերի կարգավիճակին, որպես պոլսահայ պատգամավոր՝ Փայլանի դիմագրաված ճնշումներին եւ ունեցած հաջողություններին:
Այսպիսով, ի պատասխան Yerkir.am լրատվական կայքի թյուր պնդումներին, վերահաստատում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։