ԵԱՏՄ-ում պետք է բարձրացնել համատեղ բիզնես նախագծերի ֆինանսների հասանելիությունը. Մհեր Գրիգորյան
ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես նախագծերի համար անհրաժեշտ է ներդնել մատչելի ֆինանսավորման համակարգեր։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ աջակցության մատչելիությունը կմեծացնի բիզնեսի հետաքրքրվածությունը կոոպերացիոն նախագծերի հանդեպ։
Գրիգորյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գյուղատնտեսության և արդյունաբերական համալիրի աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը:
«Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով միության մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը»,-հայտարարել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ այսօրվա բարդ պայմաններում Հայաստանը ձգտելու է Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը։
«Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում», – ասել է Գրիգորյանը: