Փաշինյանը տեղյա՞կ չէ, որ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևին ՀՀ կառավարությունը դեմ է եղել
Նիկոլ Փաշինյանի ասուլիսին 168.am-ը հետևյալ երկու հարցերը հնչեցրեց. «Օրեր առաջ Շվեյցարիայի Խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։ Դրանից առաջ էլ Շվեյցարիայի Խորհրդարանի Ստորին պալատն էր կողմ քվեարկել այս նախագծին։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարն այդ քվեարկությունից հետո իրենց խորհրդարանականների մոտ հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պաշտոնապես դեմ են արտահայտվել միջազգային այդ համաժողովի անցկացմանը: Ինչո՞ւ, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմա ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը դեմ արտահայտվել այդ համաժողովին: Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, պատճառը ո՞րն է, որքանո՞վ է Հայաստանը հետաքրքրված «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով, և արդյո՞ք որևէ քայլ անում է դրա մաս կազմելու համար»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին հարցի հետ ոչ մի անգամ չի առնչվել:
Հարցին՝ Կառավարությունը որևէ կերպ դեմ չի՞ արտահայտվել դրան:
«Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, ինձ չի ասել այդպիսի թեմա, որ ես ինչ-որ ձևով ռեակցիա տայի: Բայց մյուս կողմից, եթե չեմ սխալվում, այդ թեմայի վերաբերյալ իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտել եմ»,- պատասխանեց Փաշինյանը:
Փաշինյանին օգնության հասավ մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, թե Շվեյցարիայի ԱԳՆ-ն պաշտոնական բացասական կարծիք ուներ արտահայտված, և վերջին հարցուպատասխանի ընթացքում նաև ԱԳ նախարարը խոսեց այդ թեմայով:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ԱԳ նախարարը երբ խոսեց, այդ ժամանակ խոսք էր գնում մամուլի հրապարակման մասին. «Ես անկեղծ պետք է ասեմ՝ այս պահին բավարար չափով տեղեկատվության չեմ տիրապետում այն պատճառով, որ ես չեմ առնչվել: Եթե ճիշտ եմ հիշում, հարցուպատասխանի ժամանակ խոսքը լրատվության մասին էր, և գուցե գրավոր ընթացակարգով այդ հարցին պատասխանենք: Ինչ վերաբերում է Չինաստանին, մենք համագործակցության շատ դինամիկ փուլում ենք և, ինչ-որ առումով, արդյունավետ փուլում ենք: Շատ ակտիվ խոսակցություն կա, և կարծում եմ՝ նախորդ դեսպանի ժամկետը սպառվել է, և Չինաստանը նոր դեսպան կնշանակի կամ նշանակվել է՝ ժամանման հարցն է: Էլի ներողություն եմ խնդրում, բավարար չափով չեմ տիրապետում, երկու հարցին էլ համարում եմ, որ պետք է պատասխանեմ, բայց կիսատ չպատասխանեմ, փորձեմ գրավոր պատասխանել»:
Մանրամասները՝ տեսանյութում