ԵԱՀԿ ՄԽ-ը իր գործունեության առարկան կորցրեց Պրահայի պայմանավորվածություններից հետո, այն ենթակա է լուծարման. Զախարովան կրկին Արևմուտքին մեղադրեց
ԵԱՀԿ Մինսկի խումբը «վերջացավ» 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները հրաժարվեցին Ռուսաստանի հետ շփումներից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դուք հիշում եք, թե ինչպես միակողմանիորեն, առանց որևէ խորհրդակցությունների, խորհուրդների, հաղորդակցվելու (ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները. խմբ.) պարզապես հրաժարվեցին ռուս համանախագահի հետ շփումներից, չեղարկեցին նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները։ Մեծ հաշվով, այն (Մինսկի խումբը. խմբ.) դրանով էլ վերջացավ», – նշեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Բացի այդ, Զախարովայի կարծիքով, Մինսկի խմբի լուծարման օգտին է վկայում նաև Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում (այդ օրը Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։- խմբ.)։
«Այս ամենը հանգեցրեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության առարկան։ Հետևաբար՝ Մինսկի խումբն ակնհայտորեն և տրամաբանորեն ենթակա է լուծարման։ Այդ հասունացած քայլը կոչված է նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորմանը», – ասաց Զախարովան։