Միլիոնատերերին ծննդօգնության համար բյուջեից գումար ենք տալիս. պետականազուրկ ազգի ընկալում ունենք. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում համոզմունք հայտնեց, թե համընդհանուր հայտարարագրումն այն քայլերից է, որ «մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից» պետք է առաջնորդի դեպի «պետականատեր ժողովրդի գործելակարգ»:
Համընդհանուր հայտարարագրման նպատակներն, ըստ նրա՝ մի քանիսն են, օրինակ՝ հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարի շղթան ամբողջացնելը:
«Ցանկացած կոռուպցիոն սխեմայում կա մարդ, որը որևէ պաշտոնական կարգավիճակ չի զբաղեցնում: Հետևաբար, սա կարևոր է կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար»,- ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով՝ սոցիալական անապահովության գնահատման համակարգը երկրի ամենակոռումպացված տեղերից է եղել. «Ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, ովքեր կարող են բանկերում ընդհուպ մի քանի տասնյակ միլիոն ավանդներ ունենալ և տոկոսներ ստանալ: Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել, բայց ուզում ենք նրանցից, ովքեր օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեավորել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»:
Նա նշեց, որ պետությունը միլիարդներ է ծախսում, օրինակ, ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար, բայց հարց բարձրացրեց՝ արդյո՞ք բոլորը դրա կարիքն ունեն:
«Մենք այսօր նույնիսկ միլիոնատերերի ծննդօգնության համար պետական բյուջեից ֆինանսավորում ենք տալիս, բայց երբ նման մեծ կարողությունների տեր մարդիկ մտնում են հիվանդանոց, իրենք հարակից վճարովի ծառայությունների վրա այդ պետական բյուջեից տված գումարներից տասը անգամ ավելի շատ գումարներ են ծախսում: Կարող ենք վերցնել մարդու աշխատավարձը, ասել՝ այս շեմից ով բարձր է ստանում, նրան չենք ֆինանսավորում, ով պակաս է ստանում՝ ֆինանսավորում ենք, բայց կներեք, աշխատավարձն օբյեկտիվ ցուցիչ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համընդհանուր հայտարարագրմամբ նաև ստվերի կրճատման գործառույթ են իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում