Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կայացված տնային կալանքի որոշումը Գալեյանն ու նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը չունեն, սակայն հերոսի հայրն արդեն տնային կալանք խափանման միջոցի ռեժիմում է:
Օրենքով սահմանված է, որ որոշումը կողմերը պետք է ստանան 5-օրյա ժամկետում, մինչդեռ Գարիկ Գալեյանն այդ որոշումը դեռ չի ստացել: Փոխարենը ո՝րոշումն արդեն էլեկտրոնային եղանակով ստացել է Պրոբացիայի ծառայությունը, և Գալեյանն արդեն արգելանքի է վերցվել:
Մասիս Մելքոնյանի աշխատակազմից, ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞ւ կողմին դատարանի որոշումը չի ուղարկվել, երբ Պրոբացիայի ծառայությունը այն արդեն ստացել է, պատասխանեցին՝ Գարիկ Գալեյանին դատարանի որոշումն ուղարկվել է փոստով:
«Հավանաբար դեռ չեն ստացել»,- ասացին դատավորի կազմից:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Պրոբացիայի ծառայությանը ուղարկվել էլեկտրոնային եղանակով, պատասխանեցին՝ փոստով նույնպես ուղարկվել է, պարզապես նաև էլեկտրոնային եղանակով ենք ուղարկել, որ Պրոբացիայի ծառայությունը հնարավորինս արագ անցնի կատարմանը:
Փաստորեն դատարանը կողմնապահություն է անում, և մի կողմին որոշումն ուղարկում է գրեթե բոլոր հնարավոր եղանակներով, մյուսին՝ միայն փոստային տարբերակով, որը, Աստված գիտե՝ երբ կստանան: Դեռ լավ է՝ Պրոբացիային մի հատ էլ առձեռն չեն տվել որոշումը:
168.am-ի հետ զրույցում, սակայն, Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց՝ իրեն վերջապես հաջողվել է կապ հաստատել դատարանի կազմի հետ, և իրեն փոխանցել են, որ դատարանի որոշումն իրենց դեռ չի ուղարկվել առհասարակ որևէ եղանակով: Սա նշանակում է, որ, փաստորեն, դատարանի կազմը մեզ ստել է՝ ասելով, որ որոշումն ուղարկվել է փոստային եղանակով:
Ընդ որում, Վահան Հովհաննիսյանը Մասիս Մելքոնյանի կազմի հետ կապ էր հաստատել մեզնից հետո:
«Քրդատ օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասն ասում է՝ դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին»,- օրենքի պահանջը հիշեցրեց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։
Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանն իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում էր ներկայացվել։