«Փաշինյանի գրառումը կարդալուց հետո վատ վիճակում հայտնվեցի. այսինքն՝ մեկ հոգին կարող է ամբողջ հայ ազգի փոխարեն որոշումներ կայացնել». Ամատունի Վիրաբյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայոց պատմության վերաբերյալ իր գիտելիքներով զարմացնել ու զայրացնել պատմաբաններին։

Նիկոլ Փաշինյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել Արևմտյան ու Արևելյան Հայաստանների տարածքների վերաբերյալ։

Այսպիսով՝ ըստ նրա, «Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:

Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան:

Կարդացեք նաև

Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան»:

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձերը կոչված են ազգին շեղելու այն հիմնական խնդիրներից, որոնց առջև այսօր նա կանգնած է։

«Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը կարդալուց հետո իսկապես շատ վատ վիճակում հայտնվեցի բարոյապես։ Այսինքն՝ մեկ հոգին կարող է ամբողջ հայ ազգի փոխարեն որոշումներ կայացնել. որոշել Մինսկի խմբի լուծարման հարց, որոշել, որ Արևմտյան Հայաստան առհասարակ չի եղել, մինչդեռ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանների միջև։ Մեկ հոգին կանգել ու ասում է՝ չկա Արևմտյան Հայաստան, կամ կա միայն Արևելյան Հայաստան, Հայոց պատմությունը պետք է լինի Հայաստանի պատմություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։

Այս համատեքստում պատմաբանը նկատեց՝ «Խաղաղության պայմանագիրը», որի մասին մշտապես խոսում է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի բոլոր ցանկությունների կատարումն է լինելու։

«Այդ մարդու համար հիմնական օրակարգն Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևակերպումն է, նա աստիճանաբար գնում է այդ քայլերին։ Ադրբեջանի վերջին ցանկություններից է Մինսկի խմբի լուծարումը, որը Նիկոլ Փաշինյանն իրականություն է դարձնում»,- հավելեց Ամատունի Վիրաբյանը։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը պատմությունը խեղաթյուրելու նման քաղաքականություն է որդեգրել, արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ բոլոր պատմաբաններին մի օր ուղղակի կստիպեն վերափոխել ամբողջ հայոց պատմությունը, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց.

«Երբեք, նման քայլի չենք գնալու, վստահ եմ՝ չի գտնվի որևէ պատմաբան, ով ունի գիտական կոչում, ճանաչում եմ նրանց, նման բան երբեք չեն անի։ Կրկնում եմ՝ բացառում եմ»,- ընդգծեց Ամատոնի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս