Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից. Reuters

Սիրիայում դեկտեմբերի 8-ին Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) գլխավորությամբ ջիհադիստական խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումը ազդարարեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերջը։ Ասադը, ապաստան գտնելով Ռուսաստանում, մեղադրել է Թուրքիային իր կառավարությունը տապալելու նպատակով ջիհադիստներին աջակցելու մեջ։ Իր այդ բողոքը նա արտահայտել է իրանցի պաշոնյաների հետ խոսակցությունների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ Ասադը քննադատել է Թուրքիային այս գործընթացում իր ունեցած դերի պատճառով և Իրանից շարունակական աջակցության երաշխիքներ է փնտրել։

Դամասկոսում հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Թուրքիայում։ Ռոյթերսը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հաղորդում է, որ հանդիպումը լարված է եղել. Իրանը դժգոհություն է հայտնել Թուրքիայի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օրակարգերին ենթադրյալ համապատասխանության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը Սիրիայի ճգնաժամի համար մեղադրել է Ասադին՝ վկայակոչելով նրա ճնշող իշխանությունը և խաղաղության բանակցություններում ներգրավվելու դժկամությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։ Խամենեին, ակնարկելով Թուրքիային, նշել է, որ հարևան երկիրը (Թուրքիան) տեսանելի դեր է խաղացել Սիրիայի զարգացումներում։

Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (նախկին «Սիրիայի ազատ բանակը») և ՀԹՇ-ի բարդ հարաբերությունները շարունակում են ուշադրություն գրավել։ Մինչդեռ այս խմբերն անցյալում բախվել են, նրանց միջև պարբերական համագործակցության մասին պնդումները շարունակվում են։ Այնուամենայնիվ, Անկարան ՀԹՇ-ն դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ալ-Կաիդայի հետ կապերի պատճառով և շարունակում է բարձրաձայնել իր մտահոգությունները խմբավորման գործունեության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս