Թուրքիան հայտարարել է, որ նշանակալի դեր է խաղում Կովկասում
Թուրքիան կշարունակի մնալ ուժեղ դաշնակից, որոշիչ դերակատար և իրական բևեռ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների լուծման գործում, ինչպես եղել է անցյալում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ալթունը վստահեցրել է, որ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորման հարցում Թուրքիան միշտ հավատարիմ է եղել խաղաղության և արդարության հաստատման դիրքորոշմանը։
«Երկու օր առաջ Անկարայում Եթովպիայի և Սոմալիի միջև ստորագրված համաձայնագիրը այս ուղղությամբ մեր երկրի ջանքերի և Էրդողանի խաղաղ դիվանագիտության վերջին և կոնկրետ օրինակներից է։ Դա նաև ցույց է տալիս Թուրքիայի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա և նրա կարևորությունը՝ որպես գլոբալ դերակատարի, որն ազդում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, Բալկանների, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի, այլև Աֆրիկայի աշխարհաքաղաքականության վրա»,- ասել է Ալթունը։