«Կրիստալ» տեսակի օղիով բարձած բեռնատարը շրջվել է ձորը և ամբողջովին այրվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մկրտչյանը, վարելով «Iveco» մակնիշի՝ 454 UO 12 համարանիշի բեռնատար ավտոմեքենան՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններոմ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել ձորակում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչության Աշտարակի հրշեջ ջոկատը՝ Շամիր Շամիրյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Տեղում են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ տեղեկությունների, բեռնատարը հաշվառված է «Մեղձավան տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում և այն Մոսկվայից Երևան էր տեղափոխում «Կրիստալ» տեսակի օղի: