Արթուրը խաղից հետո ասաց, որ ես լավ եմ խաղացել. Գևորգ Ղազարյան
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում «Գովերլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։ Այդ մասին տեղեկանում ենք ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունից։
– Գևորգ, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Թվաց, թե այս խաղը «Մետալուրգի» համար բարդ ստացվեց։
– Այո, սկզբում մեր խաղն այնքան էլ չէր ստացվում։ Չգիտեմ, պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ։ Մոտավորապես 20-30 րոպե անց մարզիչները փոփոխություն մտցրին խաղի մեջ, տղաները խաղադաշտում վերադասավորվեցին։ Կարծում եմ՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց լավ ընթանալ մեզ համար, և, ի վերջո, մեզ հաջողվեց դրական արդյունք գրանցել։
– Ի՞նչ խնդիր էր քո առաջ դրել Յուրի Վիլևիչը, երբ քեզ խաղադաշտ մտցրեց։
– Ինձնից պահանջվում էր փակել աջ եզրը և հնարավորության դեպքում ես պետք է արագ հակագրոհեի։
– Կարո՞ղ ենք ասել, որ սա «Մետալուրգի» համար գարնան ամենադժվար հաղթանակն էր։
– Այո, հենց այդպես է։ Թեև դուք գիտեք, որ մեզ համար այս պահին կարևորն արդյունքն է։ Այս հաղթանակը չափազանց կարևոր էր։ Ոչ բոլոր հանդիպումներն են ստացվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։
– Այսօր Կառլենը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ դու փոխարինման մտար։ Ուզում ենք, որ դուք ավելի շատ խաղաժամանակ ստանաք խաղադաշտում։
– Ես նույնպես դա ուզում եմ։ Կարծում եմ՝ նորմալ խաղացինք։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։
– Ի՞նչ ասաց քեզ Արթուր Եդիգարյանը («Գովերլա» – խմբ.) մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո։
– Նա շնորհավորեց ինձ, ասաց, որ լավ եմ խաղացել։ Միմյանց հաջողություն մաղթեցինք։ Այսքան բան։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը