Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները
Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտել է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ լրագրողներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվել են հատուկ նշանակության ջոկատի կողմից, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի աշխատակից Դավիթ Բեժանիշվիլին, որը վիրավորվել էր հանրահավաքի ժամանակ։ Բացի այդ, մեզ անհանգստացնում է շաբաթավերջին ցուցարարների կողմից Հանրային հեռարձակողի շենք բռնությամբ ներխուժելու փորձը», – միության հայտարարությունից հատված է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Եվրոպական հեռարձակողների միությունը միանգամայն անընդունելի է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կամ ահաբեկման բոլոր գործողությունները։
«Լրատվամիջոցների ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է անում բոլորին պաշտպանել այս հիմնարար իրավունքը և ապահովել լրագրողների ազատ և անվտանգ աշխատանքը Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանելիս», – ասվում է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։