Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր
Սիրիայի հակակառավարական զինյալ խմբավորումներն ամբողջությամբ գրավել են Հալեպ քաղաքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին, հալեպահայերի շրջանում տիրող իրավիճակին և այս պահին քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին։
Մարիա Գաբրիելյանը շեշտեց, որ քաղաքում ստեղծված անսպասելի իրավիճակը խուճապի է մատնել հալեպցիներին:
«Ափսոս, որ զինյալ խմբավորումները ողջ քաղաքը գրավեցին։ Նոյեմբերի 29-ին ժամը 17։00-ին վայրկյանների ընթացքում վաճառատներն ու խանութները փակվեցին, մեծ քանակությամբ մարդիկ դեպի մայրաքաղաք և ծովեզրյա շրջաններ մեկնեցին։ Ճանապարհն այնքան ծանրաբեռնված էր, որ 4 ժամվա ճամփան 30 ժամ երկարեց», – մանրամասնեց սիրիահայ պատգամավորը։
Նրա խոսքով՝ պարբերաբար ինչպես կրակոցներ, այնպես էլ հրթիռակոծություններ են տեղի ունենում, և իշխում է ընդհանուր անորոշություն։ «Օրինական իշխանությունը դատարկել է բոլոր կենտրոնները, ընդդիմությունն է քաղաքի, ներառյալ` հայկական թաղամասերի տերը», – ընդգծեց Մարիա Գաբրիելյանը:
Պատգամավորի բնորոշմամբ՝ ներկայում հիմնական խնդիրը հաց ապահովելու հարցն է, քանի որ հացի մեծաթիվ արտադրամասեր չեն գործում։ «Լավ է, որ Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է համայնքին տիրություն անել։ Առայժմ այս է կացությունը», – եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Ավելի վաղ Հալեպի «Գանձասար» պարբերականը հաղորդել էր, որ Հալեպից Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը:
Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները Հալեպի վրա հարձակումը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: