Անջեյ Դուդայի՝ հայկական սահման կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեհաստանին հարաբերությունների սրացում է խոստացել

Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ուղեկցությամբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության ևս մեկ ցուցադրություն է»։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Խորապես ափսոսում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական ​​«հեռադիտակային շոուին», որը հղի է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմմաբ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, հարևան երկրի գերատեսչությունում խոստովանել են, որ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս դիմել են նախագահի աշխատակազմին և Լեհաստանի ԱԳՆ-ին, սակայն «լեհական կողմը այս սադրիչ քայլից ձեռնպահ չի մնացել»։

«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողության համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել»,-հայտարարել է Բաքուն։

Հիշեցնենք, որ այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել։

Նա հանդիպել է նաև առաքելության կազմում ընդգրկված լեհերի հետ, հայտնել են Լեհաստանի նախագահի գրասենյակի X-ի միկրոբլոգում։ «Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն է, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, նրա խնդիրները ներառում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկում և պարեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս