Ուկրաինայի վերաբերյալ Բայդենի որոշումները կարող են օգտակար լինել Թրամփի համար․ Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմի վերջին օրերին ձգտում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի դեմ՝ նախքան Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը, գրում է Bloomberg-ը։
Պատճառն այն է, որ ԱՄՆ ընտրված նախագահը խոստացել է անհապաղ դադարեցնել ուկրաինական հյուծող պատերազմը, ընդգծում է գործակալությունը։
«Դա, հավանաբար, նշանակում է բանակցային կարգավորում, և Բայդենը փորձում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հնարավորինս ավելի վճռական աջակցություն ցուցաբերել», – նշում է լրատվամիջոցը։
Bloomberg-ն ընդգծում է, որ Բայդենի վերջին քայլերը, մասնավորապես, Կիևին՝ Ռուսաստանի տարածքի խորքում ռազմական օբյեկտներին հարվածելու թույլտվություն տալը, Մոսկվայի և Թրամփի ճամբարի կողմից անմիջապես դիտվեց որպես անհարկի էսկալացիա:
Բացի այդ, այս շաբաթ Սպիտակ տունը հավանություն տվեց հակահետևակային ականների մատակարարմանը, դուրս գրեց մոտ 5 միլիարդ դոլարի պարտք և պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանյան խոշոր բանկի դեմ, որը զբաղվում է բնական գազի վաճառքի դիմաց վճարումներով:
Այս քայլերը, ի թիվս այլոց, որոնք դեռ քննարկման փուլում են, Բայդենի ծրագրի մի մասն են կազմում՝ հնարավորինս ուժեղացնել Ուկրաինան՝ նախքան Թրամփի պաշտոնի ստանձնումը, նշել է ԱՄՆ-ի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը, որը խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ այդ աղբյուրի, այս ռազմավարությունը նպատակ ունի օգնել Զելենսկիին՝ ցույց տալով, որ Ուկրաինան ներուժ ունի պատասխան հարված հասցնելու Ռուսաստանին, եթե նա շարունակի ռազմական գործողությունները։
Միևնույն ժամանակ, Bloomberg-ն ընդգծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արագ արձագանք տվեց․ նա հաստատեց նոր միջուկային դոկտրինը, որն իջեցրեց տակտիկական միջուկային զենքի կիրառման շեմը, իսկ հետո նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռ արձակեց Ուկրաինայի վրա, որը կարող է նաև միջուկային մարտագլխիկներ կրել։
«Դա չի նշանակում, որ Բայդենի վերջին գործողություններն ամբողջովին անցանկալի կլինեն Թրամփի համար, որը կարող է օգտագործել ավելի ուժեղ Ուկրաինան որպես սակարկության միջոց՝ հասնելու կարգավորմանը, որը նա կկարողանա ներկայացնել որպես հաղթանակ», – գրում է լրատվամիջոցը:
«Այժմ Բայդենի ընդունած որոշումները կարող են օգնել Թրամփին, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, կամրապնդեն Թրամփի դիրքերը պատերազմը դադարեցնելու հարցում և Ուկրաինային ավելի լավ վիճակում կդնեն ցանկացած բանակցությունների համար», – ասում է Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի փոխտնօրեն Շելբի Մագիդը: